Կարմիր բլուր

Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

Թեյշեբանիի բնակելի տների հատակագծեր. a, b — մենատներ, c — բազմասեկցիոն

Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար։ Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52x35x14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ։ Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց բնակարաններից։ Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ Խոշոր սենյակները լուսավորվել են նաև երդիկով։ Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք։ Այս շարքում է նաև երեք բաժանմունքից բաղկացած սրբարանը։ Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։ Մասնագետներն եզրակացրել են, որ տաճարային շենքերն ունեցել են 2 տիպի դահլիճ՝ քառակուսի և ուղղանկյուն։ Քաղաքն ունի նաև ստորգետնյա ջրանցք, որը կառուցվել է Ռուսա Բ-ի կարգադրությամբ։ Թեյշեբաինին ուներ ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։

Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքը կառուցվել է ըստ նախօրոք մտածված հատակագծի և բնակեցվել է կառուցապատվելուց հետո միայն։ Նրա կենտրոնական մասում բնակիչներն իրենք տներ չէին շինում, այլ բնակվում էին պետության կողմից կառուցվածների մեջ։

Оставьте комментарий